06/10/2023 09:43
«Ժողովուրդ». Փաշինյանը ի՞նչ նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել թիմակիցներին: Հեռախոսային իրենց խմբում նա որոշ մտքեր է գրել, թե ինչ քարոզչություն է պետք այս օրերին շրջանառել, որպեսզի արցախցիների և հայաստանաբնակների զայրույթը ստեղծված իրավիճակում իրենցից հեռացնի:
Ըստ այդմ, ՔՊ-ականները պետք է ֆեյքերի, ֆեյք կայքերի, անհասցե յութուբյան ալիքների, նաև քարոզիչների միջոցով տարածեն տեղեկություններ, որ 30 տարի արցախցիներին թալանել են Արցախի 3 նախագահները, և որ նրանց պետք է ունեզրկել, գումարը բաժանել արցախցիներին:
Նույնիսկ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի՝ Բաքվի բանտերից հրապարակած կադրերը հետ չի կանգնեցնում իշխանական քարոզիչներին՝ իրականացնելու այդ առաքելությունը: Շատ մարդիկ ու ֆեյքեր ուղղորդված սրտիկներ են դնում այն կադրերի տակ, որոնք Բաքվի բանտերից հրապարակում են ադրբեջանցիները:
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ուղղորդել է իր թիմին՝ «հին երգը» երգեն, այն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են մեղավոր Արցախի կործանման համար, և հենց նրանցից պետք է պատասխանատվություն պահանջել: Եթե նրանք չհարստանային, Արցախը չէր ընկնի:
Այս նարատիվները տարածվում են սոցիալական բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձևերով, որպեսզի արցախցիների մեջ առկա արմատական տրամադրությունները փոխվեն, և որևէ մեկը փողոց դուրս չգա և Նիկոլ Փաշինյանին պահանջներ չներկայացնի»։