07/10/2023 22:48
Ալիևը 8 գյուղ է պահանջում Հայաստանից
«Գրանադայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված քառակողմ (ԵՄ-Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա) հայտարարության մեջ իմ բացակայության պայմաններում Ադրբեջանին հիշատակելը ճիշտ մոտեցում չէ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում , հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝ հղում անելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հանդիպմանը՝ Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով։ Հայաստանին զենք տրամադրելու Ֆրանսիայի ծրագրերը ոչ թե խաղաղությանն են ծառայում, այլ նոր առճակատմանը, և եթե տարածաշրջանում նոր առճակատում տեղի ունենա, ապա դրա պատճառը Ֆրանսիան է լինելու»,- ասել է Ալիևը։
Ինչ վերաբերում է քառակողմ հռչակագրին, ապա այն, ըստ Ալիևի, նույնպես չի նպաստելու տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանն «օկուպացված» է պահում «ադրբեջանական» 8 գյուղեր»։
«Ադրբեջանի 8 գյուղ դեռևս Հայաստանի «օկուպացիայի» տակ է, անհրաժեշտ է դրանք «ապաօկուպացնել»,- ասել է նա։
Ալիևը Միշելի հետ զրույցում նշել է նաև, թե այժմ Ադրբեջանն Իրանի հետ փոխգործակցում է՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրի շուրջ։