07/10/2023 18:13
«Առաջարկում եմ հիմա, երբ ընթանում է հատուկ ռազմական գործողությունը, միաձայն որոշում կայացնել, որ ընտրություններում լինի մեկ թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը․ կամ էլ հետաձգել ընտրությունները»․ Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը առաջարկել է հետաձգել 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հատուկ ռազմական գործողություն է ընթանում։ Իր առաջարկը նա հնչեցրել է Գրոզնիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառում-ակցիայի ժամանակ։
«Նախագահին առողջություն ու երկարակեցություն եմ մաղթում։ Առաջարկում եմ հիմա, երբ ընթանում է հատուկ ռազմական գործողությունը, միաձայն որոշում ընդունել, որպեսզի ընտրություններում լինի մեկ թեկնածու՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը։ Կամ էլ մի որոշ ժամանակով պետք է հետաձգել ընտրությունները, որովհետև մեկ այլ մարդ, ով ունակ է իրապես պաշտպանել մեր երկիրը, չունենք»,- ասել է Կադիրովը։
Նշենք, որ Գրոզնիի կենտրոնական հրապարակում Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա առիթով կազմակերպված միջոցառում-ակցիային 25 000-ից ավելի մարդ է մասնակցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մասնակիցները Պուտինի պատկերներով պաստառներ են պահել ձեռքներին, որոնց վրա գրված են եղել նաև կարգախոսներ՝ «Ուժեղ նախագահ, ուժեղ Ռուսաստան», «Նախագահի հետ ենք»։