07/10/2023 11:01
Ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին. Հայտարարություն
«Ազգային-ժողովրդավարական բևեռից» հայտնում են, որ ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել Բևեռի աջակից Վահրամ Պետրոսյանը: Նրա դեմքին, նաև ձեռքի դաստակին կան վնասվածքներ։
Նշենք, որ նախօրեին Ազատության հրապարակից ոստիկաններն ուժ կիրառելով բերման էին ենթարկել Բևեռի աջակիցներին։
««Ազգային-ժողովրդավարական բևեռի» երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեց Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Ականատեսների պնդմամբ` ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց՝ ոստիկանական բաժանմունքում գտնվողները հայտնել են, որ իրենց նկատմամբ ուժ է կիրառվել, նրանց ծեծել են: