07/10/2023 16:54
«Հո ես ապո՞ւշ չեմ, որ սատարեմ Արշակ Կարապետյանին». Մովսես Հակոբյան (168.am)
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 4-ին հանդես էր եկել կոչ-հայտարարությամբ՝ նախ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը ստիպել է իրեն քաղաքական պայքար սկսել, ապա կոչ էր արել Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին` համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի:
Արշակ Կարապետյանին կմիանա՞ն ու կսատարե՞ն նախկին այլ զինվորականները, որոնք ժամանակին նրա հետ ծառայել են Պաշտպանության նախարարությունում։
168.am–ն այս հարցն ուղղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին։
Հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն ասել է.
«Հո ես ապուշ չե՞մ, որ սատարեմ նրան»։
Հաջորդ հարցին՝ Հայաստանի գոյությունն է վտանգված, ինչպե՞ս է պատկերացնում փրկությունը, նա պատասխանել է.
«Ոչ Արշակի միջոցով»։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ նախկին զինվորականները պետք է ոտքի կանգնեն՝ հանուն Հայաստանի, Մովսես Հակոբյանն ասել է․
«Նախկին զինվորականներն իրենց սպառել են։ Ֆիզիկապես ի վիճակի չեն խնդիր կատարել։ Ինքս պատրաստ եմ, իհարկե, երիտասարդ զինվորականներին խորհուրդ տալ, բայց որպես այդպիսին՝ խորհրդատուն լավ գործ չէ՝ առանձնապես զինվորական գործում, որովհետև խորհուրդ տվողը պետք է առաջինն այդ խորհուրդ կարողանա կատարել»։