07/10/2023 10:26
«Հրապարակ». Իշխանական շրջանակներում շշուկով իրար են փոխանցում, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Փաշինյանի խնդրանքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեք բարձրաստիճան անձանց ապօրինաբար առևանգել էին Արցախից և տեղափոխել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։
Իշխանական և մերձիշխանական շրջանակներում շշուկով իրար են փոխանցում, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որ նրանք չգան Հայաստան և իր դեմ պայքարը չառաջնորդեն: Մոտավորապես՝ այն մոտիվացիայով, որ ինձ մի 6 ամիս ժամանակ է պետք՝ ձեր պահանջները կատարելու համար, իսկ արցախցի նախագահները կարող են խանգարել դրան»։