07/10/2023 10:33
«Հրապարակ». Պարզվում է՝ Դավիթ Մանուկյանն ինքն է որոշել, որ ուղեկցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Ադրբեջանի բանտեր տարված արցախյան գործիչների թվում են ոչ միայն Արցախի նախկին նախագահները, այլև նախկին պետնախարարը, նախկին ԱԳ նախարարը, ՊԲ նախկին հրամանատարն ու նրա տեղակալը։ Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ում ադրբեջանցիները գերեվարեցին Հակարիի կամուրջն անցնելիս՝ Ռուբեն Վարդանյանի հետ, պարզվում է՝ ինքն է որոշել, որ ուղեկցի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ համարելով, որ Հակարիի կամուրջը միայնակ անցնելու դեպքում Վարդանյանի ձերբակալության ռիսկերը մեծ են։
Մանուկյանն անձամբ վարել է Ռուբեն Վարդանյանին տեղափոխող ավտոմեքենան ու այդպիսով վտանգել իր կյանքն ու ինքն էլ հայտնվել գերու կարգավիճակում։ Ի դեպ, ամուսնու հետ տարել և մի քանի ժամ պահել են նաև Մանուկյանի կնոջը, ապա թույլ տվել, որ նա մենակ հատի սահմանն ու գա Հայաստան»։