Ավելի քան մեկ շաբաթ է` Արտաշատ քաղաքի կենտրոնում գործող մարզադպրոցի դահլիճի գործառույթը լիովին փոխվել է։ Դահլիճում սպորտային պարագաների փոխարեն մահճակալներ են դրված, հանդերձարանն էլ վերակահավորվել ու սանհանգույց է դարձել։ Դահլիճում` մեկ հարկի տակ, Արցախից բռնի տեղահանված 104 մարդ է ապրում, որոնցից 31–ը` անչափահաս։ Այստեղ նրանք են, ովքեր մինչև հիմա չեն կարողացել տուն գտնել։
Միասնական կացարան ստեղծելու գաղափարը ծնվել է, երբ «Բռունցք 2020» և «Սմարթ Արմենիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բռնի տեղահանության առաջին օրերին դեռ Գորիսում նկատել են, որ բազմաթիվ մարդիկ մնացել են առանց կացարանի։
«Գորիսում տեղական ինքնակառավարման մարմիններն ասացին` կացարանի կարիք չկա, հասցնում ենք։ Վայքում համապատասխան մեծ տարածք չկար։ Արձագանքեցին Արտաշատի համայնքապետարանից, համագործակցեցինք ու ընդամենը 20 ժամում բացեցինք այս կացարանը»,– պատմում է «Սմարթ Արմենիա» բարեգործական ՀԿ–ի նախագահ Արման Նալբանդյանը։
Կազմակերպչական հարցերում նրանց օգնեցին կամավորները` Արտաշատի դպրոցների աշակերտները, ձեռքից եկածն արեցին` առանց տրտնջալու։ ՀԿ–ներն առցանց դրամահավաքի շնորհիվ կարողանում են նաև օրական 3-անգամյա տաք սննդով ու հիգիենայի պարագաներով ապահովել տեղահանվածներին։
Մարզադահլիճում առաջինը տեղավորվեց Գրիգորյանների ընտանիքը` մայրը, հայրն ու 8 երեխաները, որոնցից 7–ը` անչափահաս։ Երկուսը մանկական ուղեղային կաթված ունեն, մեկը` նաև էպիլեպսիա։
Ստեփանակերտում էին ապրում, երկհարկանի տանը։ Տարհանվելուց տիկին Մարինեն հասցրել է միայն երեխաների համար անհրաժեշտ մի քանի հագուստ վերցնել ու մսաղացը, որ կարողանա հիվանդ երեխաների համար անհրաժեշտ ուտելիք պատրաստել, և ճամփա են ընկել։
«Էլի կհարմարվենք»,– ասում է նա, բայց նեղսրտում է, որ Ստեփանակերտում է թողել ամենաթանկը` 44-օրյա պատերազմում զոհված որդու շիրիմը։
Երեխաները վերջին անգամ դպրոց են գնացել սեպտեմբերի 19-ին։ Ծնողները չեն շտապում մոտակա դպրոց ուղարկել։ Սպասում են, որ հիմնական տուն գտնեն (վերջին տվյալներով` Արցախից բռնի տեղահանված, դպրոցական տարիքի երեխաների միայն 38 տոկոսն է դպրոց հաճախում ՀՀ–ում)։
«Պիտի տան հարցը լուծենք, հետո դպրոցի։ Որտեղ գնում ենք, պայմանները ահավոր են` կա՛մ տանիքն է փլված, կա՛մ պատուհան չկա, ու դրա համար 100 000 դրամ են ուզում, ո՞նց մնանք այնտեղ»,–ասում է Մարինեն։
Նույն խնդրին է բախվել նաև մասնագիտությամբ թարգմանչուհի Մարիաննա Բաղրյանը։ Արդեն մի քանի անգամ Արտաշատից մոր հետ եկել է Երևան, բայց վարձով տրվող բնակարանների պայմաններն այնքան վատն են եղել, որ ստիպված վերադարձել են կացարան։
«Գնում ենք տներ, ո՛չ գազամատակարարում կա, ո՛չ նորմալ սանհանգույց, ո՛չ խոհանոց»,– պատմում է նա։
Տան հայրը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել։ Մայր ու աղջիկ արդեն երկրորդ անգամ են տեղահանվում։ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում էին ապրում, երբ 44–օրյա պատերազմի ժամանակ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ։
«Կարծես երկրորդ անգամ նույն դժոխքի միջով անցնենք... Այն անգամ տուն ու տեղ թողեցինք, դուրս եկանք, Ստեփանակերտում ամեն ինչ սկսեցինք զրոյից ու հիմա կրկին մնացինք առանց ոչնչի...»։
Արտաշատի համայնքապետարանում այսպիսի 10 կացարան կա։ Դրանց համար հարմարեցվել են չգործող մշակույթի տները, դպրոցները, մարզադպրոցներն ու մանկապարտեզները։ Համայնքապետարանում վստահեցնում են` դեռևս ոչ մի հայտ չեն մերժել։
«Որպեսզի մարդիկ դրսում չմնան ու սնունդ ունենան, ժամանակավոր կացարաններ ենք ստեղծել։ Հիմա արդեն անցնում ենք միջնաժամկետ ծրագրի ու փորձում ենք վարձակալությամբ տներ գտնել նրանց համար, ովքեր դեռ կացարաններում են, հետո արդեն կանցնենք ինտեգրման հարցերին»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Արտաշատի համայնքապետարանից։
Բարեգործական կազմակերպություններն էլ են խոստանում` կաշխատեն, քանի դեռ գեթ մեկ արցախցի ունի դրա կարիքը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: