09/10/2023 12:19
Չէի ասի, որ ԼՂ-ում խաղաղապահների գործունեությունը սպառել է իրեն. չի կարելի բացառել, որ հեռացածներից ոմանք կվերադառնան. Գալուզին
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է ավելի քան պահանջված, հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ չի տրվել, «RBC»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը հիշեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հսկայական դեր է խաղացել սեպտեմբերի 20-ին զինադադարի հասնելու և Ղարաբաղի բնակիչներին օգնություն տրամադրելու գործում՝ մինչ նրանց զանգվածային դուրսբերումը Ղարաբաղից։
Նա ընդգծել է, որ խաղաղապահների աշխատանքը «անհրաժեշտ կլինի» ապագայում։
«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ, իսկ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար անվտանգության լրացուցիչ գործոն կլինի», - պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Նա նաև հավելել է.«Ուստի ես չէի ասի, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը սպառել է իրեն»։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է արդիական։