09/10/2023 18:38
Ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում Արմեն Աշոտյանի նկատմամբ․ փաստաբան
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը հայտարարեց, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին։
«Նիստը գնահատում եմ վատ»,- լրագրողների զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա վերահաստատեց՝ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է տեղի ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ։
«Նման հետապնդումների պայմաններում դատավորները ստիպված են միշտ աղավաղել օրենքը։ Դատական նիստն իրավազոր չեմ համարում, դատավորն այս նիստի համար ենթակա է կարգապահական պատասխանատվության, բայց դա չի լինելու»,- ասաց Աթանեսյանը։
Լրագրողները փաստաբանից հետաքրքրվեցին նաև՝ հավատու՞մ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանում ոչ մի անմեղ մարդ չի կարող ենթարկվել հետապնդման։
«Միայն հոգեկան հվանդը կարող է հավատալ Նիկոլ Փաշինյանին։ Նա նույնիսկ երբ բարև է տալիս, էլի խաբում է ձեզ։ Նա բարև տալուց էլ է խաբում»,- այս առնչությամբ ասաց փաստաբանը։