09/10/2023 12:30
Հայկ Մարությանը որոշումը չի փոխել, չի մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատեց, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցի։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը Tert.am-ին փոխանցել է, որ նիստին չմասնակցելու իրենց որոշումն ուժի մեջ է։
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:
Հավելենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությանը քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չստացավ ձայների 50 տոկոսը։
Ընտրությունների արդյունքում անցել է հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։
Կոնսենսուսի դեպքում Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ էր ձայնը տալ «Ազգային առաջընթացի» թեկնածուին։ Հայկ Մարությանը, սակայն, հայտարարել էր, որ «Հանրային ձայնից» ավագանու երկու անդամներ՝ Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը չեն կարող մասնակցել հոկտեմբերի 10-ին նշանակված նիստին, քանի որ Ուրիխանյանը հետախուզվում է, Հայաստանում չէ, իսկ Գալստյանը կալանավորված է, ինչն էլ նշանակում է, որ ընդդիմությունը չի ունենա բավարար ձայներ՝ քաղաքապետ ընտրելու համար։