09/10/2023 14:54
«Հանրային ձայն»-ը ավագանու նիստի մասնակցության որոշում դեռ չունի․ վաղը պարզ կլինի
«Հանրային ձայն» կուսակցությունը վաղը նախատեսվող Երևանի ավագանու անդրանիկ նիստի մասնակցության որոշում դեռ չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է կուսակցության մամուլի պատասխանատու Վահան Ավագյանը։
«Մենք ավագանու նիստին մասնակցելու վերաբերյալ որոշում չենք հայտարարել։ Ներկա պահին վերջնական որոշում չունենք։ Վաղը՝ նիստի ընթացքում, հստակ կլինի որոշումը», - փոխանցեց նա։
Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ չեն պատրաստվում բոյկոտել Երևանի նորընտիր ավագանու նիստը։
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս չի մասնակցելու ավագանու առաջին նիստին։
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու անդամի ընտրությանը քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերից որևէ մեկը չստացավ ձայների 50 տոկոսը։
Ընտրությունների արդյունքում անցել է հինգ ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։