09/10/2023 16:02
Մնում է՝ Պուտինը հայերեն սովորի և հայերին բացատրի, որ Արևմտյան ֆորմատն է թաղել ղարաբաղյան հարցը և հայաթափել Արցախը. Շարմազանով (Տեսանյութ)
Արմենի գործով ոչ մի հատուկ ակնկալիք դատական համակարգից չունեմ, քանի որ եթե մենք ապրեինք իրավական պետության մեջ, այս գործն ընդհանրապես չէր լինի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Արմեն Աշոտյանի կալանավորումը նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է.«Մեկ առիթով ասել եմ՝ եթե ՀՀ կառավարիչ կապիտուլյանտը որոշի, որ Արմեն Աշոտյանը պետք է լինի ազատության մեջ, ապա Արմենը ազատության մեջ կլինի, նույնն էլ՝ հակառակը։ 2018 թվականից այս կողմ ՀՀ-ում խոսել իրավական պետության մասին, կարծում եմ՝ աբսուրդ է։ Կա մեծ ցավ, ողբերգություն ու զավեշտ։ Նիկոլի կառուցողական Ալիևը Բաքվի բանտերում է պահում Արցախի հերոսներին և ռազմական գործիչներին, իսկ Ալիևի գործընկեր Նիկոլը էլի բանտարկության մեջ է պահում գեներալ Խաչատուրովին և Արցախի ինքնորոշման իրավունքի առաջամարտիկ Արմեն Աշոտյանին։ Ես սա պատահական չեմ համարում»։
Անդրադառնալով Արցախի խնդիրին՝ Շարմազանովն ասաց.«Արևմտյան ֆորմատն է թաղել ղարաբաղյան հարցը, արևմտյան ֆորմատն է Արցախը տվել Ադրբեջանին և հայաթափել Արցախը։ Մինչև 2022 թվականի ապրիլ, մինչև արևմտյան ֆորմատի հանդիպումները, Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկվում էր և կար ընդհանուր ընկալում։ Մնում է՝ Պուտինը հայերեն սովորի և հայերին բացատրի, որ իր ժամանակ ԼՂ-ն եղել է սուբյեկտ, և կարգավիճակի հարց է եղել»։