09/10/2023 13:54
Իրանն Իսրայելի դեմ կարող է «խաղալ» նաև Արցախի օկուպացված տարածքներում. Սերգեյ Մելքոնյան
Իսրայելը նոկդաունի փուլում է հիմա. առաջին անգամ է, որ մարտերն ընթանում են Իսրայելի տարածքում, վերջին անգամ դա տեղի է ունեցել առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Իսրայելական բանակն, այո, ուժեղ է, բայց չպետք է գերագնահատել, ներքին խնդիրները շատ-շատ են, իսրայելական հանրության պառակտվածությունն էլ բացասական է ազդում։
ՀԱՄԱՍ-ին հաջողվեց գրավել զորամասեր, լիկվիդացնել Գազայի հետ սահմանի պատը, տարածվող տեսանյութերն անգամ վկայում են՝ Իսրայելի բանակում բազային կանոնների չեն տիրապետում, մեծ թվով զինվորներ խմբվում են մի կետում՝ հեշտորեն դառնալով թիրախ ՀԱՄԱՍ-ի համար, «Պրեսսինգ» հաղորդմանն ասել է իսրայելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
«Մասնագետների համար ակնհայտ է այս պատերազմում Իրանի ստվերային մանսակցությունը։ Եթե չլիներ արտաքին աջակցություն, հնարավոր չէր, որ ՀԱՄԱՍ-ը այսպիս քայլի գնար։ Իրանը, աջակցելով ՀԱՄԱՍ-ին, նպատակ ունի արաբա-իսրայելական հակամարտության հարցը տարածաշրջանային օրակարգ վերադարձնել։ Եթե այդ հարցը մնար մարգինալիզացված, ինչպես վերջին տարիներին, ապա Իսրայելին կհաջողվեր Մերձավոր Արևելքում դաշնակիցների առավել մեծ ցանց ստեղծել, ինչը սպառնալիք է Իրանի համար»։
Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ Իրանն Իսրայելի դեմ ուղղակի պատերազմելու կարիք չունի, անուղղակի ներգրավվելու մի շարք հնարավորություններ, ռեսուրսներ ունի։ Իրանը ցանցեր է ստեղծել Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում, ցանկության դեպքում Իսրայելին կարող է հարվածներ հասցնել նաև Արցախի օկուպացված տարածքներում, որտեղ կա իսրայելական ռազմական ներկայացվածություն։