09/10/2023 19:16
Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ՔԿ ծառայողների աշխատանքի արժևորման հարցում ցուցաբերած աննախադեպ նախաձեռնության համար․ Քյարամյանը՝ Փաշինյանին
Քննչական կոմիտեն հրապարակել է Արգիշտի Քյարամյանի ելույթը ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին նվիրված Կոլեգիայի ընդլայնված նիստին ․
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Քննչական կոմիտեի սիրելի ծառայողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 9-րդ տարեդարձի և համակարգի ծառայողի օրվա կապակցությամբ:
Քննչական կոմիտեն շարունակում է իր ուսերին կրել հանցավոր իրավախախտումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների գերակշիռ մասով մինչդատական քննություն իրականացնելու ծանր և պատասխանատու առաքելությունը:
Կոմիտեի` մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներն անցած ժամանակահատվածում շարունակել են աշխատել գերծանրաբեռնված պայմաններում: Հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից քննված ավելի քան 150 հազար վարույթների գերակշիռ մասի կամ շուրջ 98 %-ի նախաքննությունն իրականացվել է Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից: Դրա հետ մեկտեղ հարկ է նկատել, որ 2023թ. 1-ին կիսամյակում Կոմիտեի աշխատանքներն իրենց ծավալով էականորեն տարբերվել են նախորդ տարիներին կատարվածից, ինչը պայմանավորված է քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրարկման հանգամանքով:
Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն առ այսօր շարունակում են քննությունը` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիայի ակտեր իրականացնելու, քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերով։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավել քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն։
Քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, այդ թվում՝ զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավելի վկաներ և տուժողներ, նշանակվել են 500-ից ավելի փորձաքննություններ։
Քննության առարկա են դարձվել նաև՝ ագրեսիայի ակտերի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել, մինչև 3.5կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Քննության առարկա են դարձվել նաև՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ։ Նշված վարույթների շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված մի շարք դեպքերով քննվող քրեական վարույթների շրջանակներում քննության առարկա են դարձվել անհետ կորած անձանց վերաբերյալ հնարավոր բոլոր հանգամանքները: Կազմվել են անհետ կորելու հանգամանքները նկարագրող առանձին տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին: Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացված քննության արդյունքները, այդ թվում՝ անհետ կորած անձանց վերաբերյալ ձեռք բերված ապացույցները, պարբերաբար ներկայացվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, Միջգերատեսչական հանձնաժողովին, արտաքին գործերի նախարարությանը և իրավասու այլ գերատեսչությունների, ինչպես նաև՝ անհատ իրավապաշտպանների:
Ելույթի համար նախատեսված սեղմ ժամանակում հնարավոր չէ ներկայացնել բոլոր ուղղություններով Կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքի վիճակագրական ցուցանիշները: Թերևս բացառության կարգով, երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման համատեքստում, կանդրադառնամ միայն հանցավոր կազմակերպությունների, քրեական ենթամշակույթ կրող անձանց և նրանց մասնակցությամբ կատարված հանցավոր իրավախախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստերով նախաձեռնված քրեական վարույթներով կատարված նախաքննության հիմնական արդյունքներին: 2022-2023 թվականներին Կոմիտեի ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել և քննություն է իրականացվել քրեական ենթամշակույթ կրող անձանց և նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների 41 վարույթներով, որոնցից 14-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 1-ով վարույթը կարճվել է, իսկ մնացած 26-ով նախաքննությունը շարունակվում է: Նույն ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը: Հայտնաբերվել են 6 լաբորատոր պայմաններով կահավորված սենյակներ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ։
Թույլ տվեք նշել, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 24 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 23 մլրդ ՀՀ դրամը բաժին է ընկնում պետությանը և համայնքներին պատճառված վնասի հատվածին։ Պետությանը պատճառված վնասի վերականգնման գործում մեծ կարևորություն ունի Կոմիտեի կառուցվածքում նոր ստեղծված Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատանքը։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բնագավառում գլխավոր վարչությունն ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում արձանագրել է պետությանը պատճառված վնասի վերականգնման աննախադեպ բարձր՝ շուրջ 19 մլրդ ՀՀ դրամի ցուցանիշ: Գլխավոր վարչությունը դրական արդյունքներ է արձանագրել նաև ավարտված քրեական վարույթների թվի ավելացման առումով: Համոզված եմ, որ նորաստեղծ ստորաբաժանումը կշարունակի գործուն միջոցներ ձեռնարկել իրեն վստահված ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման աշխատանքները բարելավելու ուղղությամբ:
Ուշագրավ եմ համարում նաև՝ Հայաստանի Հանրապետությունում ավտոներկրման գործընթացի վերաբերյալ քննվող քրեական վարույթներին անդրադարձը։ Հայաստանի Հանրապետության քննչական և պետական եկամուտների կոմիտեների սկզբունքային աշխատանքի արդյունքում՝ ավտոներկրման և իրացման գործունեությամբ զբաղվող 135 տնտեսվարողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հիշյալ վարույթներով 2023թ. հունվարի 1-ից մինչ օրս ընդհանուր վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 8.5 մլրդ ՀՀ դրամի գույքային վնաս, որից՝ ԱԱՀ-ի դեբետից նվազեցվել է շուրջ 7.5 մլրդ ՀՀ դրամ, ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով պետական բյուջե լրացուցիչ վճարվել է շուրջ 756 մլն ՀՀ դրամ, իսկ 163 մլն ՀՀ դրամը վճարվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Հարկ է նաև նշել, որ պատճառված վնասի վերականգնումից զատ, քննության արդյունքներով վերոհիշյալ գործունեությամբ զբաղվող սուբյեկտների մոտ արձանագրվել է շահութահարկի վնասի պակասեցում՝ շուրջ 6 մլրդ ՀՀ դրամի չափով: Կարծում եմ, որ համատեղ կատարած ծավալուն այս աշխատանքը զգալի դրական ազդեցություն է ունեցել ավտոներկրման և իրացման ոլորտի վրա։
Ուզում եմ կարճ անդրադառնալ նաև՝ վերջին շրջանում Երևան քաղաքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքերին, նշելով, որ Քննչական կոմիտեն կատարել և հստակ կատարելու է իր առաքելությունը հասարակական անվտանգության և իրավակարգի ապահովման գործում։ Օգտվելով առիթից, թույլ տվեք շնորհակալություն հայտնել իրավապահ համակարգի մեր գործընկեր կառույցներին՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Դատախազության մեր գործընկերներին և ընկերներին՝ համատեղ կատարած արդյունավետ աշխատանքի համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Կոմիտեի արձանագրած հաջողությունները համակարգի ողնաշարը կազմող արհեստավարժ ծառայողների անխոնջ աշխատանքի արդյունք են: Այդ է պատճառը, որ Կոմիտեի կադրային ներուժի ճիշտ ընտրությունը, մասնագիտական ուսուցումը, գործնական հմտությունների անընդմեջ կատարելագործումը և տեսական գիտելիքների հետևողական բարձրացումը շարունակում են մնալ կադրերի հետ տարվող մեր աշխատանքի կարևորագույն ուղղությունները: Այդ խնդրի լուծման նպատակին հետամուտ՝ Կոմիտեի որակավորման հանձնաժողովն ի սկզբանե որդեգրել էր և շարունակում է պահպանել կայուն բարձր նշաձող։ Անցած տարվա հոկտեմբեր ամսից սկսած՝ որակավորման հանձնաժողովի 7 տասնյակից ավելի նիստերի արդյունքներով, հերթական ատեստավորման շրջանակներում որակավորման ստուգում են անցել Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող 311 անձինք: Ընթացիկ տարում ծավալուն աշխատանք է տարվել Կոմիտեի թափուր հաստիքների համալրման ուղղությամբ: Արդյունքում՝ Կոմիտեում ծառայության է նշանակվել 125 անձ: Բացի այդ, հետաքննության մարմիններից Կոմիտե տեղափոխված 130 հետաքննիչներից 90-ը որակավորման ստուգման արդյունքում ընդգրկվել են քննիչների թեկնածուների ցուցակում և նշանակվել համապատասխան պաշտոններում:
Կադրային քաղաքականության իրականացման գործընթացում հետևողական ենք եղել նաև իրենց պարտականությունների կատարման մեջ պարբերաբար թերացող, դրանց նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորող, համակարգի պատիվն ու բարի համբավն արատավորող քննիչների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ընթացիկ տարում համակարգի 99 քննիչների նկատմամբ, վերջիններիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումների հիմքով, կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ 11 քննիչներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Անհամեմատ ավելի շատ են դեպքերը, երբ խստապահանջ մոտեցումներին հարմարվել չկարողացող ծառայողներն ինքնակամ լքել են մեր շարքերը։ Շարունակելու ենք առավելագույն անհանդուրժողականություն ցուցաբերել կարգապահության և արհեստավարժ գործելակերպի հետ խնդիրներ ունեցող ծառայողների նկատմամբ՝ նպատակ ունենալով համակարգը զերծ պահել պատեհապաշտ, զբաղեցրած պաշտոնի արժեքը չգնահատող և ծառայողական պարտականությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք դրսևորող անձանցից:
Քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ,
Բոլորովին վերջերս ձեր բարեխիղճ ու տքնաջան աշխատանքին արժանի գնահատական տրվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով, որի ուժով ընթացիկ տարվա հուլիսի 1-ից շոշափելի բարձրացավ Կոմիտեի ծառայողների աշխատանքի վարձատրությունը: Երկար սպասված այս իրադարձությունը համակարգի կադրային առողջ ներուժը պահպանելուն, արհեստավարժ կադրերի արտահոսքը կանխելուն և համակարգը նոր արժանավոր մասնագետներով համալրելուն միտված կարևորագույն քայլ է: Օգտվելով պատեհ առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը և անձամբ Ձեզ, մեծարգո՛ վարչապետ, Կոմիտեի ծառայողների աշխատանքի արժևորման հարցում ցուցաբերած աննախադեպ նախաձեռնության համար, որը, համոզված եմ, էլ ավելի կբարձրացնի Քննչական կոմիտեում ծառայության գրավչությունը:
Անդրադառնալով Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքային պայմանների շարունակական բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին` հարկ եմ համարում ընդգծել, որ ընթացիկ տարում այդ ուղղությամբ գործադրվել են առավելագույն ջանքեր: Ուրախությամբ պետք է նշեմ, որ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված նոր շենքերում այսուհետ իրենց գործունեությունը կշարունակեն Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը, Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի և Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները: Մինչև տարեվերջ ավարտին կհասցվի Երևան քաղաքի Խանջյան 43 հասցեում Քննչական կոմիտեին հատկացված նոր վարչական շենքի հիմնանորոգումը: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում Կոմիտեի համար նոր մասնաշենք ձեռք բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում էապես կբարելավվեն կենտրոնական մարմնի ստորաբաժանումների քննիչների աշխատանքային պայմանները:
Ի թիվս կատարված զգալի աշխատանքների` ընդգծեմ, որ ընթացիկ տարին հագեցած էր նաև Կոմիտեի աշխատանքների շարունակական արդիականացմանը և օրենսդրական բարեփոխումների արդյունքում նախատեսվող նորարարությունների ապահովմանն ուղղված ծրագրերով. հաջողությամբ ներդրվեցին ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանված պարտադիր տեսաձայնագրման ենթակա քննչական գործողությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները` տեսախցիկները, հարակից պարագաներն ու էլեկտրոնային նախաքննությանն անցում կատարելու համար մեկնարկային փուլում պահանջվող տեղեկատվական տեխնոլոգիաները:
Վստահ եմ, որ անշեղ ժողովրդավարության ուղին ընտրած մեր երկրում իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության դրսևորում համարվող այս բաղադրիչը շատ շուտով կունենա նաև իր տեսանելի պտուղները և մենք նախաքննության ասպարեզում կունենանք բոլորովին այլ դրական ցուցանիշներ:
Ավարտելով խոսքս ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ, համակարգի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն հայտնել իրենց նվիրումի, տոկունության և ծառայողական դժվարություններն անտրտունջ հաղթահարելու համար: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ և թող Աստված պահապան լինի մեզ և մեր ինքնիշխան պետականությանը»: