11/10/2023 00:31
Պատրաստ ենք «3+3» ֆորմատում շարունակել աշխատանքը․ այնպես չստացվի, որ տարածաշրջանային օրակարգը անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) հանդիպումներին դեմ չէ։ Այդ մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում։
Մինչ այդ Փաշինյանն անդրադարձել էր նաև Թբիլիսիում բանակցելու Ալիևի առաջարկին՝ ասելով, որ Բրյուսելում հանդիպում նախանշելուց առաջ այլ հարթակում բանակցելու առաջարկը կարող է մեկնաբանվել, որ Ադրբեջանն ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել։
Ինչ վերաբերում է «3+3»-ին, ապա այդ ձևաչափով աշխատանքին, ինչպես նշեց Փաշինյանը, ինքը պատրաստ է մասնակցել։
«Իհարկե, պատրաստ ենք շարունակել այս ֆորմատով։ Երբ տեղի է ունեցել «3+3» ֆորմատով հիմնադիր հանդիպումը, այնտեղ նաև որոշակի սկզբունքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և մենք պատրաստ ենք շարունակել այդ ֆորմատում աշխատանքը ու նաև կարևորում ենք, որպեսզի այնպես չստացվի, որ մենք տարածաշրջանային օրակարգը անընդհատ քննարկում ենք հեռու տեղերում և չենք քննարկում հենց տարածաշրջանում»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց՝ ժամանակին եղել է պայմանավորվածություն՝ այս ձևաչափով հանդիպում կազմակերպել Թեհրանում։
«Ես գիտեմ, որ ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում, և մենք պատրաստ ենք։ Իհարկե, պետք է լրացուցիչ քննարկվի»,- ասաց նա։