Խաղաղությանն այլընտրանք չկա, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, որ վաղը Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, բայց Հայաստանը հրաժարվել է հանդիպումից։
«Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա վստահեցրել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա։ Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները», - ընդգծել է Ալիևը։
Հիշեցնենք՝
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն
Aysor.am-ին
ասել էր, որ այդ նիստին կմասնակցի ոչ թե նախարար Միրզոյանը, այլ՝ ՀՀ փոխարտգործնախարարը։
«ՀՀ ԱԳՆ֊ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը», - ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: