11/10/2023 20:06
Իրանի գլխավոր հյուպատոսը Վայոց ձորի մարզ է այցելել
Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վայոձ ձորի մարզ է այցելել։
Այցի վերաբերյալ Վայոց ձորի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում նշված է․
«Հոկտեմբերի 10-ին մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։
Գլխավոր հյուպատոս Մորթելլա Աբեդին Վարամինը նշել է, որ համագործակցության համար առկա են բոլոր հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը՝ ներառելով նոր ուղղություններ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Վայոց ձորի տնտեսության գերակա ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները` հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորրտներին։ Ընդգծվել են նաև կրթության և մշակույթի ոլորտները՝ դիտարկելով մարզում շախմատի մրցաշարի անցկացման, լեզվի ուսուցման և բարձրագույն և ոչ ֆորմալ կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը իրանական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով մարզում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերը։
Անդրադարձ է կատարվել նաև մարզի համար 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։
Կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով կողմերն այցելել են մարզի «Սյունիք զարգացում» ՀԿ, որտեղ հանդիպել են Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ։ Հյուրերին ներկայացվել է հասարակական կազմակերպության կողմից մարզում իրականացվող լայնածավալ գործունեությունը ինչպես կրթության, այնպես էլ գյուղատնտեսության և բարեգործական ոլորտներում՝ անդրադարձ կատարելով համագործակցության հնարավոր ուղղություններին։
Այցի շրջանակներում կողմերն այցելել են բացառիկ ցուցանմուշներով և հարուստ ժառանգությամբ հայտնի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ հյուրերին ներկայացվել են թանգարանի կողմից իրականցվող նորարարական ծրագրերը և այդ ոլորտում արձանագրված հաջողությունները։
Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն են հայտնել, որ Իրանի գլխավոր հյուպատոսի այցի և միահամուռ ջանքերի շնորհիվ կհաստատվի հարաբերությունների զարգացման նոր, խոստումնալից հնարավորությունների սկիզբ, կհաջողվի էլ ավելի ամրապնդել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»։