11/10/2023 10:54
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքում, շատ կարևոր է Ռուսաստանի համար. Դեսպան
Ռուսաստանը շատ ակտիվ աշխատել է և կշարունակի աշխատել, որպեսզի տարածաշրջանային հակամարտությունը, չնայած բոլոր դժվարություններին, լուծվի արդար հիմունքներով բոլոր ներգրավված կողմերի համար, «SputnikԱրմենիա»-ին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Առանց դրա դժվար է կայուն խաղաղություն հաստատել, և մեր նպատակն է, որ այստեղ լինի խաղաղություն, հատկապես այն մարդկանց համար, ովքեր տուժել են վերջին տասնամյակների ընթացքում և ցանկանում են իրենց և իրենց երեխաների համար հանգիստ կյանք և ապագայի համար որոշակի վստահություն», - ընդգծել է դեսպանը։
Կոպիրկինը նշել է, որ փորձում է տեղական ղեկավարությանը ազդանշան փոխանցել, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկել և ձեռնարկելու է ակտիվ և հետևողական քայլեր՝ օգնելու լուծել խնդիրները։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի համար օգնության զգալի փաթեթ է պատրաստում ինչպես պետական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, այդ թվում` ԼՂ հայերը, կարևոր են մեզ համար։ Նրանք օտար մարդիկ չեն։ Մենք շատ սերտ ենք կապված։ Այն իրավիճակն ու այն ցավը, որն ապրում է ժողովուրդը, ընկալում ենք որպես մեր սեփականը։ Ով ինչ էլ ասի` Ռուսաստանն անտարբեր չէ այդ ամենի նկատմամբ և իր գործողություններով ցույց է տվել, ցույց է տալիս և ցույց կտա, որ սա շատ կարևոր երկիր և ժողովուրդ է, որոնց հետ հազարամյակներով հարաբերություններ է կառուցել և մտադիր է հետագայում ևս անել դա», - նշել է դիվանագետը։