11/10/2023 14:04
«Այս դժվար և տխուր օրերին վարպետը մեզ հետ է». բացվել է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հակոբ Հակոբյան-100. Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հակոբ Հակոբյանի այրին՝ Մարի Հակոբյանը, դուստրը՝ Նորա Հակոբյանը, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանը, անվանի արվեստագետներ և արվեստասերներ:
Ցուցադրությունը կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին ցուցադրության բացման կապակցությամբ՝ այն որակելով Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առանցքային իրադարձություններից մեկը:
«ԿԳՄՍ նախարարությունը մշտական աջակցությամբ կարևորում և նպաստում է մեր մեծերի և նրանց ժառանգության հանրահռչակմանը, ինչը նաև մեծ պատիվ է մեզ համար,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել,-Հակոբ Հակոբյանի «Սարերում» որնանկարը, որը Գտնվում էր Գյումրու թատրոնում, օրերս կտեղափոխվի Գյումրու դպրոցներից մեկում՝ պատշաճ պահպանման պայմաններով»:
Նորա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հակոբ Հակոբյան արվեստագետին արժևորելու և նրա վաստակը այսկերպ գնահատելու համար: Նա ներկայացրել է Վարպետի հոդվածների և հարցազրույցների երկհատորյակը՝ «Ուրախության և տխրության խոսքեր» խորագրով:
«Այս դժվար և տխուր օրերին վարպետը մեզ հետ է»,- ասել է Նորա Հակոբյանը և մեջ բերել Հակոբ Հակոբյանի խոսքերը. «Ինձ միշտ հուզել է հայրենիքիս հետ կապի գիտակցումը: Ես միշտ ձգտել եմ շոշափելի դարձնել այդ կապը, ապրել հայրենի հողի վրա, շարունակ շփվել ժողովրդիս հետ, հայրենիքիս հետ: Իմ ապրումերն են ներդրված իմ ողջ ստեղծագործության մեջ»:
Ցուցահանդեսի բացման շրջանակում ներկայացվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված «Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամը։ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963 թ.), դարձերեսին՝ Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: