Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը Երևանի հետ չի քննարկվել, դա դե ֆակտո և դե յուրե Ադրբեջանի տարածքն է, դա ճանաչում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայման հնարավորության հարցը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված։
«Լեռնային Ղարաբաղում նրանց մնալ-չմնալու հարցը միայն մեզնից չէ կախված, կամ մեզնից չէ կախված, որովհետև մենք գիտենք նաև, որ այդ թեմայով Ռուսաստանի Դաշնությունը որոշակի քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ: Այս հարցին, Լեռնային Ղարաբաղում մնալ չմնալու հետ կապված ես չեմ կարող շատ ուղիղ և կոնկրետ պատասխան տալ»,- ասել էր Փաշինյանը։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: