12/10/2023 18:42
Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը. Կանոնավոր այցերն ակնաբույժին կկանխեն կուրության զարգացումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է տեսողության համաշխարհային օրը։
Այս ամսաթիվը նշվում է օրացույցում, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրվի կուրության, տեսողության խանգարման և տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց վերականգնման խնդիրների վրա: Տեսողության համաշխարհային օրվան մասնակցում են այս խնդրին առնչվող տարբեր կազմակերպություններ։ Օրը նաև կուրության կանխարգելման համաշխարհային նախաձեռնության՝ «Vision 2020. Տեսողության իրավունք» գլխավոր իրադարձությունն է, որը ստեղծվել է ԱՀԿ-ի և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության կողմից: Ընդ որում, օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումներն ամեն տարի նվիրված են կոնկրետ թեմայի։
Կուրությունը տեսնելու անկարողությունն է: Խրոնիկ կուրության հիմնական պատճառները ներառում են կատարակտը, գլաուկոման, տարիքային մակուլյար դեգեներացիան, եղջերաթաղանթի անթափանցիկությունը, տրախոման և աչքերի հիվանդությունները երեխաների մոտ (օրինակ՝ վիտամին A-ի պակասի պատճառով): Աշխարհում գնալով աճում է տարիքային կուրությունը և չվերահսկվող շաքարախտի հետևանքով առաջացած կուրությունը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտավորապես 2,2 միլիարդ մարդ կույր է կամ տեսողության խանգարում ունի: Աչքի հիվանդությունները ազդում են ավելի քան 19 միլիոն երեխաների վրա: Ավելին, տեսողության խանգարումներ ունեցող բոլոր մարդկանց 82%-ը 50 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ են։ Եվ քանի որ վերջին տարիներին շատ երկրներում մեծանում է տարեցների թիվը, ավելի շատ մարդիկ կհայտնվեն տեսողության կորստի վտանգի տակ, եթե ժամանակին չկանխեն զարգացող խնդիրները, քանի որ կուրության դեպքերի մեծ մասը հնարավոր է կանխել ժամանակին բուժմամբ:
Տեսողության համաշխարհային օրվա շրջանակներում իրականացվում են կրթական և կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված աչքի հիվանդությունների կանխարգելմանը։ Որոշ երկրներում այս ընթացքում բնակիչները հնարավորություն ունեն հետազոտվելու ակնաբույժի մոտ։
Բացի այդ, պետք չէ մոռանալ աչքի հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին։ Այսպիսով, բժիշկները խորհուրդ են տալիս դադարեցնել ծխելը, քանի որ նիկոտինը վնասակար ազդեցություն ունի տեսողության վրա. պարբերաբար պետք օգտագործել մթերքներ, որոնք ամրացնում են ցանցաթաղանթի արյունատար անոթները՝ հապալաս, սև հաղարջ, գազար, ձողաձկան լյարդ, կանաչի, ավելի քիչ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջև և քիչ խաղալ էլեկտրոնային խաղեր, իսկ համակարգչով աշխատելիս օգտագործել ժամանակակից մոնիտոր և բարձրորակ ծրագրեր։
Կանոնավոր այցելությունները ակնաբույժին և կյանքի պարզ կանոններին հետևելը կօգնի երկար ժամանակ պահպանել լավ տեսողությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն