12/10/2023 16:00
Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի մասով բանաձև ներկայացնելու հայտարարությունը
Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև ներկայացնելու մասին, որը պայմաններ կստեղծի Արցախ հայերի վերադարձի համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խստորեն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Սենատում ունեցած ելույթում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի կողմից Ադրբեջանին ուղղված «անհիմն մեղադրանքները»»։
«Ֆրանսիացի նախարարի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Ֆրանսիան շահագրգռված է շարունակել իր նենգ քաղաքականությունը տարածաշրջանում», - ասվում է հայտարարության մեջ։
Բաքուն նաև նշում է, թե «Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և որ նման ապակառուցողական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն»։
Նշենք, որ Կոլոննան Սենատում ելույթի ժամանակ ասել էր. «Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի փախուստը ԼՂ-ից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անպատասխան մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Բաքուն պետք է հասկանա, որ չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով»։