12/10/2023 16:53
Ավելի քան 100 հազար էթնիկ հայեր փախել են ԼՂ-ից՝ վախենալով. նրանք չեն գնացել արձակուրդ. Շոն Մըրֆի
Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Շոն Մըրֆին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց Հայաստանի միջնորդությամբ ներկայացված 10 միջոցները:
1. Ադրբեջանը պետք է զերծ մնա ձեռնարկելուց այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել ռասայական խտրականության: Այս լայն միջոցը ձգտում է ապահովել ոչ թե կոնկրետ տեսակի վարք, այլ նպատակ ունի հաշվի առնել Ադրբեջանի գործողությունների բազմազանությունը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր, որոնք էականորեն վտանգել են էթնիկ հայերի՝ խտրականության չենթարկվելու իրավունքները, որոնք սահմանված են կոնվենցիայով:
2. Ադրբեջանը պետք է զերծ մնա որևէ գործողությունից, որը նպատակ կունենա այնպիսի ազդեցության, որ ԼՂ-ում դեռևս մնացած էթնիկ հայերը հեռանան իրենց տեղերից, իսկ տեղահանված հայերին թույլ չտրվի վերադառնալ ԼՂ-ում իրենց տները, կամ թույլ չտալ նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ ԼՂ-ից, հեռանալ այնտեղից: Այս միջոցը, ըստ էության, վերաբերում է ԼՂ-ի նկատմամբ էթնիկ հայերի ունեցած տեղաշարժի ազատությանը:
«Ադրբեջանն արդեն մի շարք բացասական քայլեր է ձեռնարկել, որոնք խթանել են էթնիկ հայերի տեղահանումը և թույլ չեն տվել նրանց վերադառնալ»,- նշեց Շոն Մըրֆին:
3. Այս միջոցը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից և հաստատություններից, որոնք նրանք զավթել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով:
«Դատարանը պետք է նկատի առնի, որ մենք խնդրում ենք, որ Ադրբեջանի ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերվի բացառապես քաղաքացիական հաստատություններից, որոնք նրանք զավթել են ԼՂ-ում»,- նշեց նա:
4․ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա խաթարելուց ՄԱԿ-ի մուտքը ԼՂ, այնտեղ գտնվող էթնիկ հայերի հետ շփումները, կամ միջամտի ՄԱԿ-ի գործողություններին:
«Միակ ձևը, որով կարելի է երաշխավորել, որ էթնիկ հայերը անվտանգ կզգան վերադառնալու և մնալու ԼՂ-ում, այն է, որ ՄԱԿ-ի մշտադիտարկման առաքելություն տեղավորվի այնտեղ և ունենա շարունակական անխոչընդոտ և անխաթար հասանելիություն այնտեղ գտնվող ամբողջ էթնիկ հայկական համայնքին և ամբողջ տարածաշրջանին: Այսպիսի առաքելությունը պետք է ներառի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, որոնց ադրբեջանցիները թույլ չեն տվել այցելել հայկական մշակութային վայրեր: Հայերի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակական և անխոչընդոտ ՄԱԿ-ի առաքելություն, այնպիսի առաքելություն, որտեղ կան մարդու իրավունքների փորձագետներ, որը կաշխատի լիարժեք թափանցիկության պայմաններում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում տարածաշրջանում»,- ասաց Շոն Մըրֆին:
5. Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ձեռնարկելուց որևէ քայլ, որը կխաթարի մարդասիրական աջակցությունը ԿԽՄԿ-ի կողմից ԼՂ-ի էթնիկ հայերին, և փոխարենը Ադրբեջանը պետք է ակտիվորեն համագործակցի ԿԽՄԿ-ի հետ այդ նպատակով:
Մըրֆին հիշեցրեց, որ Ադրբեջանը նույնիսկ առևանգել է էթնիկ հայերին, որոնք ԿԽՄԿ-ի միջոցով տեղափոխվում էին Հայաստան՝ շրջափակման ընթացքում:
6-րդ միջոցը, որը Հայաստանը հայցում է, այն է, որ Ադրբեջանը անմիջապես վերականգնի հանրային ծառայությունները ԼՂ-ում և ձեռնպահ մնա ապագայում դրանց խաթարումից:
7-րդ միջոցը, որ հայցում է, այն է, որ Ադրբեջանը զերծ մնա որևէ պատժիչ գործողությունից ԼՂ-ի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների, ինչպես նաև ռազմական անձնակազմի անդամների նկատմամբ:
«Պատժիչ գործողություններ չձեռնարկել՝ ասելով՝ ՀՀ-ն նպատակ ունի, որ այսպիսի անհատներին պատժելու գործողությունները, որոնք ձգտել են ներկայացնել և պաշտպանել ԼՂ էթնիկ հայերին, պետք է բացառվի», - ասաց Մըրֆին:
8-րդ միջոցն այն է, որ Ադրբեջանը չպետք է փոփոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հարգող մշակութային կոթող, հուշարձան կամ վայր հանդիսացող որևէ օբյեկտ, որն այս պահին առկա է ԼՂ-ում:
9-րդ միջոցն այն է, որ Ադրբեջանը ուժի մեջ մտցնի և չոչնչացնի քաղաքացիական կացության գրանցումները և գրանցամատյանները, անձը նույնականացնող փաստաթղթերը և սեփականության իրավունքի փաստաթղթերն ու ռեգիստրները:
«Ավելի քան 100 հազար էթնիկ հայեր փախել են ԼՂ-ից՝ վախենալով. նրանք չեն գնացել արձակուրդ, և չի կարող լինել որևէ վիճարկում, որ նրանք կցանկանային վերադառնալ իրենց տները և ապրել իրենց խաղաղ կյանքով, ինչպես որ հազարամյակներ ապրել են իրենց նախնիները՝ լինելով տեղաբնակներ, եթե իրավունքները և անվտանգությունն ապահովվեն: Հայերը ցույց են տվել, որ նրանք փախել են իրենց կյանքի վախից, իրենց տները կորցնելու վախից կամ այն վախից, որ իրենք կհայտնվեն ազատազրկվածի վիճակում»,- եզրափակեց Շոն Մըրֆին: