12/10/2023 14:27
Նույնիսկ երբ ԵԽ-ն խոսում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին, նրանց իշխանությունները փորձում են ճնշել մեզ ցանկացած կերպ. Վարդանյան
Ցեղասպանության հանցագործության գլխավոր նպատակը բոլորին սպանելը չէ, այլ ինքնությունը վերացնելը. ԵԽԽՎ երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Ռոստոկի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Բյորն Շիֆբաուերի ելույթին։
«Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ էր: Չկար սնունդ, դեղորայք և այլն: Մուտքը Լեռնային Ղարաբաղ, որն ամբողջապես բնակեցված էր հայերով, արգելված էր: Եթե Դուք հարցականի տակ եք դնում, որ այդ գործողությունները ցեղասպանության հանցագործության տարրեր են պարունակում, ապա խնդրում եմ ավելի խորքային դիտարկել հետապնդման և տեղահանման տեսքով մարդկության դեմ հանցագործությունների հարցը», - ասել է Վարդանյանը:
Նա նաև ուշադրություն է հրավիրել ռասիստական բնույթի այն բոլոր ելույթների վրա, որոնք հնչեցվել են Ադրբեջանի ներկայացուցիչների խոսքում: «Նույնիսկ այն իրավիճակում, երբ ԵԽ-ն խոսում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին, նրանց իշխանությունները փորձում են ճնշել մեզ ցանկացած կերպ, և դա կապ չունի միջազգային իրավունքի հետ», - ընդգծել է նա: