12/10/2023 14:09
Արցախի որևէ հաստատության վերաբերյալ Հայաստանն առանձին քննարկում չի արել. ԿԳՄՍ նախարար
Արցախի որևէ հաստատության վերաբերյալ Հայաստանն առանձին քննարկում չի արել, լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք քննարկվել է Արցախի պետական համալսարանի ճակատագիրը:
«Մեզ համար առաջնահերթ է ուսանողների կրթության իրավունքների վերականգնումը, որոնք ընդհատել են իրենց կրթություը ԼՂ-ից բռնի տեղահանման պատճառով ու այսօր էլ կառավարության նիստում կայացվեց որոշում, որով մենք ուսանողներին հատկացնելու ենք կրթաթոշակ, բոլոր ուսանողները հնարավորություն են ունենալու շարունակել իրենց կրթությունը», - ասաց նա:
Անդրեասյանի խոսքով` ավելի քան 500 ուսանող դիմել է հայաստանյան բուհեր, մի քանի հարյուր ուսանողներ էլ դիմել են քոլեջներ:
«Բոլորն էլ առաջիկա օրերին կընդգրկվեն մեր հաստատություններում, ու վստահ եմ, որ բոլորի կրթությունը շատ կարճ ժամանակում կկարողանանք ապահովել», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է արցախցի դասախոսներին` նա ասաց, թե այս պահին առաջնահերթ քննարկում են ուսուցիչների աշխատանքի հարցը։ Հավաքագրել են թափուր աշխատատեղերը, հնարավոր ամեն ինչ կարվի, որ Արցախից բռնի տեղահանվածներին, ըստ իրենց մասնագիտական փորձառության, ընդգրկեն այն ուղղութուններով աշխատանքներում, որոնք կան: