12/10/2023 10:21
«Ժողովուրդ». Ինչու է հակակոռուպցիոն կոմիտեն ընկել բանակին ապրանք մատակարարող ընկերությունների տնօրենների հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ից չարաշահումների դեպքերով ընկել է բանակին ապրանք մատակարարող ընկերությունների տնօրենների հետևից, ու առաջին կալանավորումն է օրերս եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Մոսեսքո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։
Օրերս կոմիտեն հայտնեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՀՀ ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի հափշտակությանը: ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռք բերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94.320.000 ՀՀ դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ, ինչը, հետագայում պարզվել է, չի մատակարարվել, իսկ գումարները վճարվել են։
Ի դեպ, դեռևս տարիներ առաջ մամուլը գրեց, որ ՊՆ-ի հետ առավել խոշոր պայմանագրեր են կնքել, օրինակ, «Ֆլեշ», «Էլիտ կապիտալ», «Ավանգարդ» ՍՊԸ-ները, «Արպ անիվ» ՍՊԸ-ն, «Մոսեսկո» ՍՊԸ-ն, և գնումների ավելի քան 40 տոկոսը նրանց մեջ է բաշխվում, այսինքն՝ մնացած ընկերությունները հաղթում են, բայց մրցույթի արդյունքում գեներացնում են շատ փոքր տորթի կտորներ: Այս ընկերություններն ուսումնասիրելիս արձանագրվել են, որ դրանք չունեն կայք, և թերհայտարարագրման ռիսկեր կան: Այս ընկերությունները հաղթում են 2015-ից ի վեր: Նրանք կարծես թիրախավորված են միայն ՊՆ-ի մատակարարումներով: Կասկածներ կան, որ գործ ունեն միջնորդավորված գնումների կամ ոչ պատշաճ ընթացակարգերի հետ: Դատելով իրավիճակից՝ առաջիկայում մի շարք ընկերությունների տնօրեններ կհայտնվեն ճաղերի հետևում»։