12/10/2023 10:57
Խնամյալին մետաղյա շղթաներով կապել են ջեռուցման համակարգից. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենի և այլոց գործը հանձնվել է դատարան
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ վարքագիծ դրսևորող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամյալ Ն.Մ.-ի նկատմամբ կատարել են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածով (ֆիզիկական ներգործությունը) նախատեսված բռնի այլ գործողություններ:
Մասնավորապես՝ տևական ժամանակ, օրվա ընթացքում 4 ժամից ավելի՝ ընդհուպ ամբողջ գիշեր, կիրառել են ֆիզիկական զսպում. մետաղյա շղթան կապելով Ն.Մ.-ի որովայնի հատվածին փաթաթված կտորի վրայից և, ֆիքսելով ջեռուցման մարտկոցից, նրա կենցաղը կազմակերպել են հատակին դրված ներքնակի վրա:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել խնամյալ Ն.Մ.-ի իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, խախտվել են նրա՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիության, մարդասիրության, բարեկիրթ և չնվաստացնող վերաբերմունք ստանալու իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին), Մ.Կ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնի այլ գործողություններ կատարելուն օժանդակելը), Ս.Գ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, Խ.Ա.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով և Ն.Զ.-ի նկատմամբ՝ 46-195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: