12/10/2023 19:31
Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում դարձել են գերիշխող գործոններ․ Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ։
Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը։
Առաջին. Այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում եւ Ադրբեջանում են:
Ուստի խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի։
Երկրորդ. Անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների փոխակերպմանը իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների եւ պահպանողական ավանդույթների միջեւ, այլեւ ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա։ Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության փոխարեն:
Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության եւ անվտանգության ամրապնդումը։ Մենք դեռ շարունակական հակամարտությունների եւ նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները։ Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի։ Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել:
Հարգելի՛ գործընկերներ,
Թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը եւ հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն Խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները, կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության եւ բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունը անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու եւ օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից:
Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»։