12/10/2023 12:38
Ակցիաների ընթացքում կալանավորված 26 անձանց մեծ մասն ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից. Իրավապաշտպան
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ակցիաների ընթացում կալանավորված անձանց իրավունքներին՝ գրելով.
«Նուբարաշեն ՔԿՀ-ում այժմ հանրային բողոքների և ակցիաների ընթացում կալանավորված 26 անձ կա, նրանց մեծ մեսը ուսանողներ են, որոնք դուրս են մնում կրթությունից, հաղորդակից են դառնում բանտային կյանքին, ինչը, վստահաբար, վնասակար ազդեցություն է ունենալու:
Ընդհանրապես, բազմիցս գրել եմ, որ ազատազրկումը այն վերջին կետն է, որը պետք է կիրառվի մարդու նկատմամբ: Մարդը, երբ սովորում է բանտային կյանքին, հիմնովին փոխվում է հոգեբանությունը: Երիտասարդներին բնականոն կյանքից կտրելը միայն վնասելու է բոլորիս:
Մի՞թե չի կարելի կիրառել օրենսդրությամբ ամրագրված այլ միջոցներ, հատկապես, 2022 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլընտրանքային խափանման միջոցների ցանկն ընդլայնվել է՝ ներառելով նաև տնային կալանքը, սակայն դեռևս դատական պրակտիկայում արդիական է հենց կալանավորումը, որը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում։
Մարդկային կյանքերի խեղման փոխարեն փորձենք հոգատար լինել միմյանց նկատմամբ, իսկ համակարգային մոտեցումը, հատկապես այս ճակատագրական պահերին պետք է լինի մարդակենտրոն մոտեցումը»: