12/10/2023 11:50
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից եկած մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել Հայաստանից. Նիկոլ Փաշինյան
Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք՝ բռնի տեղահանվածները մնան Հայաստանում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սա, ըստ նրա, շատ կարևոր արձանագրում է:
«Մենք ուզում ենք, որ բոլորն, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում են թվերը, թե Լեռնային Ղարաբաղից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահի դրությամբ մոտավորապես 2500 մարդ է դուրս եկել, ես հույս ունեմ, որ նրանք այս շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում իրենց բարեկամներին, որ ինչ-որ ժամանակ անցկացնեն այնտեղ ու վերադառնան», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանը չէր ուզում, որ ԼՂ ժողովուրդը ստիպված լիներ լքեր իրենց տները, բայց, եթե դա տեղի է ունեցել, իրենք գործով ապացուցեցին, որ նույնպիսի գորովանքով են վերաբերվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքներին, ինչպես ՀՀ քաղաքացիների պարագայում: