13/10/2023 22:50
Աճուկային ճողվածքների վիրահատության նոր մոտեցում՝ վիրաբույժ Էլման Ամիրյանի կողմից
Աճուկային ճողվածքների պլաստիկայի ժամանակ կարեր դնելու նոր մոդիֆիկացիա է մշակել ընդհանուր վիրաբույժ Էլման Ամիրյանը։ Բժիշկը, անդրադառնալով նոր մեթոդի կարևորությանը, նշում է, թե ինչ զգալի փոփոխություններ են տեղի ունենում վիրահատությունից հետո։
Ճողվածքների բուժումը այսօր էլ համարվում է վիրաբուժության հրատապ խնդիրներից մեկը, քանի որ դեռես շատ են հետվիրահատական բարդությունները, հատկապես բարձր է ռեցիդիվների տոկոսը, որն, ըստ տարբեր հեղինակների, կազմում է 8-10 և նույնիսկ 25%։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ աշխարհում տարեկան կատարվում է հարյուր հազարավոր ճողվածքահատում:
Իհարկե, ճողվածքների ռեցիդիվը վիրահատությունից հետո կախված է բազմաթիվ հանգամանքներից. անհատի մկանային համակարգի զարգացվածությունից, մասնագիտությունից (ֆիզիկական աշխատանքով զբաղվում է, թե ոչ), տարիքից, օրգանիզմի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից և այլն): Սակայն վիրաբույժ Ամիրյանն իր փորձով վրա հիմնվելով եկել է այն եզրակացության, որ ճողվածքի ռադիկալ վիրահատությունից հետո ճողվածքի ռեցիդիվը էապես կախված է վիրահատման եղանակի ընտրությունից և կարերից։
Գոյություն ունեն աճուկային ճողվածքների բուժման 80-ից ավելի եղանակներ։ Պարզ է, որ եթե կան այդքան եղանակներ, ուրեմն դրանցից ոչ մեկը կատարյալ չէ, և անհրաժեշտություն կա մշակելու նոր, առավել արդյունավետ եղանակ։ Հյուսվածքների նկատմամբ անհրաժեշտ է ցուցաբերել առավել նուրբ և զգուշավոր վերաբերմունք, որովհետև ճողվածքների ժամանակ լինում են հյուսվածքների դեֆեկտներ և, առանց այն էլ թուլացած, ատրոֆիայի ենթարկված հյուսվածքները նոր վասվածքների ենթարկելը ավելի հավանական է դարձնում ճողվածքի կրկնությունը։
«Արթմեդ» բժշկական կենտրոնում աճուկային ճողվածքի կապակցությամբ վիրաբույժ Էլման Ամիրյանի կողմից իր մշակած եղանակով վիրահատվել են 276 հոգի, որոնցից ռեցիդիվ եղել է ընդամենը 3 հոգու մոտ, ինչ կազմում է 1%-ից էլ ցածր, որը բավական ցածր արժեք է համեմատած միջազգային 8-25% արժեքի հետ։
Բժիշկ Ամիրյանի առաջարկած մեթոդով տրանպլանտատի միջոցով ստեղծվում է աճուկային խողովակի նոր արտաքին ող, ինչպես դա լինում է բնական վիճակում, հենց դա էլ կանխարգելում է ճողվածքի կրկին առաջացումը։ Բժիշկը նշում է, որ տրանսպլանտատով վիրահատությունը կարելի է համարել լավագույն միջոցը՝ ճողվածքների ռեցիդիվից խուսափելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն