13/10/2023 10:27
Բաքվում մեկնարկել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը
Ադրբեջանում մեկնարկել է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։