13/10/2023 10:02
ՀՀ-ում արցախցիների մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի նրանց մշտական տանիքով ապահովելու ծրագրերը. Տիգրան Աբրահամյան
Բռնի տեղահանված արցախցիներն, անխոս, մեծ թվով խնդիրներ ունեն, սակայն նրանց՝ Հայաստանում մնալուն և չարտագաղթելուն ուղղված առաջին քայլը պետք է լինի մշտական տանիքով ապահովելու ծրագրերը, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա` պետք է սահմանվեն հստակ չափորոշիչներ, ըստ դրա կազմվի բնակարանային կարիքներ ունեցողների ցանկը:
«Առաջնահերթություն պետք է սահմանվի հայրենիքի պաշտպանության համար այս 3 տասնամյակների ընթացքում նահատակված հերոսների ընտանիքների, բազմազավակ ընտանիքների և այլ խմբերի համար:
Ընդ որում` հրատապություն սահմանել այն ընտանիքների համար, որոնք վերջին 30 տարվա ընթացքում պատերազմական գործողությունների ժամանակ մեկից ավելի զոհ են ունեցել: Ցավոք, այդպիսի ընտանիքները քիչ չեն:
Որո՞նք են այն հիմնական ֆինանսական աղբյուրները, որոնք պետք է ուղղվեն բնակարանաշինության այս մեծ ծրագրին:
Առաջին՝ Արցախին յուրաքանչյուր տարի հատկացվող ֆինանսական միջոցները` Արցախի Հանրապետության բյուջեի չափով:
Երկրորդ՝ միջազգային այն կազմակերպություններն ու երկրները, որոնք հայտարարել են ստեղծված իրավիճակում գումարներ հատկացնելու մասին, դրանք պետք է ամբողջությամբ կամ մեծամասամբ ուղղել այս ծրագրի իրագործմանը: Պետք է մեծ աշխատանքներ տանել, դրսից նախատեսված միջոցների էական մեծացման ուղղությամբ։
Երրորդ՝ պետք է կրճատել ՀՀ պետական բյուջեով նախատեսված բոլոր շռայլությունները` պարգևավճարներից մինչև չիրագործվող կապիտալ ծախսեր, որոնց կատարողականը խայտառակ մակարդակի վրա է և ամբողջությամբ ուղղել այս կարիքների բավարարմանը:
Չորրորդ՝ պետական բյուջեով նախատեսված բնակարանային արտոնությունների տարատեսակ ծրագրերից ևս, նվազագույնն առաջիկա 3-5 տարին, ուղղել արցախցիններին բնակարաններով ապահովելուն», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: