13/10/2023 13:33
Խայտառակություն է, լրագրողների մուտքի արգելքը սուր հարցերից խուսափելու համար էր. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Aysor.am-ի հետ զրույցում խայտառակություն որակեց լրագրողների մուտքի արգելքը՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։
Նավասարդյանը վստահ է, որ նման քայլի են դիմել լրագրողների անցանկալի, սուր հարցերից խուսափելու համար։ «Քանի որ այդ ամբողջ գործընթացը և բուն քաղաքապետի ընտրությունը հեռու էին իդեալական լինելուց, բանականաբար, և՛ դժգոհություններ, և՛ տարբեր քննադատական հարցեր էին առաջացել, նրանք այդկերպ խուսափեցին լրագրողների սուր և անցանկալի հարցերից։ Ժողովրդավար գործիչը պետք է պատրաստ լինի առերեսվել և արձագանքել այնպես, ինչպես քաղաքակիրթ աշխարհում ընդունված է, երբ ստանում ես լրագրողներից քեզ համար անդուր հարցեր», - ասաց նա։
Դիտարկմանը, թե ելույթի ժամանակ Ավինյանը խոսում էր ՀՀ-ում ժողովրդավարության անշրջելիություից, Բորիս Նավասարդյանը արձագանքեց. «Այս իշխանության ներկայացուցիչներն ընդհանրապես խնդիր ունեն «ժողովրդավարություն» եզրույթը հասկանալու հետ։ Ամեն մեկը փորձում է դա մեկնաբանել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է, և տվյալ դեպքում նրանց պատկերացումները ժողովրդավարության վերաբերյալ հեռու են իրականությունից»։
Նշենք, որ երդմնակալության արարողությունից հետո, Տիգրան Ավինյանն լրագրողների հետ առանձին ասուլիս անցկացրեց և լրագրողների մուտքի արգելքը պատճառաբանեց որպես կազմակերպական հարց։ «Երդմնակալության արարողությունը մի փոքր այլ ֆորմատով էր տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ էր և ծանրաբեռնված։ Ներսից ապահովվում էր ուղիղ եթերը, լրագրողներին տրվել են բոլոր նյութերը, որոնք նկարահանվել են ներսում։ Սա ընդամենը կազմակերպական հարց էր», - ասել էր նա։