13/10/2023 17:02
Կարևոր է վերսկսել «3+3» ձևաչափով աշխատանքները․ Գալուզին
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով աշխատանքները վերսկսելու հարցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գալուզինն ու Քազեմը տարածաշրջանային ու միջազգային մի շարք արդիական թեմաներ են քննարկել։
«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի համատեքստում նշվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի ռիթմիկ աշխատանքը վերսկսելու կարևորությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Նշենք, որ Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականին՝ Մոսկվայում՝ ՀՀ, ԻԻՀ, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ։ Վրաստանն այն ժամանակ մերժել էր հանդիպմանը մասնակցելու առաջարկը։
Վերջերս այս ձևաչափով աշխատանքները վերսկսելու «անհրաժեշտության» մասին սկսել է հաճախակի հիշատակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանի վարչապտ Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին հարցազրույցում նշել է, որ ինքը դեմ չէ այս ձևաչափով բանակցություններին։