13/10/2023 19:00
Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը, որով և խորտակվել է Արցախի ճակատագիրը․ Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցին՝ ՌԴ ամենաբարձր մակարդակով․ Զաքարյան
Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է արցախյան հակամարտության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին․ Պուտինը նշել էր, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք բանակցային գործընթացում առանցքայինը Արցախի կարգավիճակի հարցն էր, իսկ ՀՀ նոր իշխանություններն այդ հարցը փակեցին՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Արտակ Զաքարյանն այս առնչությամբ գրել է․
«Այսօր ՌԴ նախագահը մամլո ասուլիսում հստակեցրեց երկու կարևոր հարց: Փաստերը վաղուց հայտնի էին, սակայն ևս մեկ անգամ հնչեցվեցին ՌԴ ամենաբարձր մակարդակով:
1. Արցախի կարգավիճակի հարցը փակել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. Պրահայում արված և քառակողմ ընդունված իր հայտարարությամբ, որով և խորտակվել է Արցախի հարցը: Այսինքն, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգում փակված չէր համարվում և հնարավորություն կար Արցախը պահել հայկական` դրանով ապահովելով նաև Հայաստանի անվտանգությունը:
2. Երկրորդ պնդումն՝ ըստ Վլադիմիր Պուտինի. նախորդ իշխանությունների ժամանակ բանակցային գործընթացի գլխավոր թեման եղել է Արցախի կարգավիճակի հարցը և Հայաստանի նախկին իշխանությունները (Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ) միշտ պնդել են կարգավիճակը որոշող ռեֆերենդումի անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ բոլորին պարզ էր, որ ռեֆերենդումը, անկախ նրանից, թե երբ կանցկացվեր` բերելու էր Արցախի անկախությանը, որովհետև ի սկզբանե պարզ էին լինելու դրա արդյունքները: Պատահական չէր, որ Ալիևը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ իր վրա ճնշում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:
Արցախի հարցը լուծել հոգուտ Ադրբեջանի․ ահա սա էր Նիկոլի սեփական կետը և 2018թ. թավշյա իշխանազավթման գլխավոր պատճառը:
Հայաստանը կորցրեց իր անվտանգ, խաղաղ և ապահով ապրելու իրական հնարավորությունը»: