13/10/2023 12:06
Մինչ օրս խնդիր չենք ունեցել․ յուրաքանչյուր բեռ, նույնիսկ կոնյակն անցնում է առանց որևէ խնդրի. Իլոյան
Վերջերս Վերին Լարսի անցակետում հայկական կողմը խնդիրներ ունեցավ. անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենա էր կուտակվել։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Aysor.am-ին տեղեկացրել էր, որ կուտակումների պատճառն այն է, որ ռուսական կողմը ստուգում է ալկոհոլային խմիչքների, մասնավորապես, կոնյակի որակը։
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն այս տարվա ապրիլից սկսել է ծովային ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնել Նովոռոսիյսկ-Բաթում, Բաթում-Նովոռոսիյսկ ուղղությամբ: Այն Հայաստանի համար փորձում է դառնալ Վերին Լարսի այլընտրանքային տարբերակը։
Aysor.am-ը ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նույն խնդիրներին իրենք էլ են բախվել.«Մինչ այսօր մենք ոչ մի խնդիր չենք ունեցել, յուրաքանչյուր բեռ, նույնիսկ կոնյակն անցնում է առանց որևէ խնդրի։ Թե ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել։ Հուսով եմ, որ ապագայում էլ խնդիրներ չենք ունենա։ Սակայն նշեմ, որ Վերին Լարսում կոնյակի անցկացման հետ կապված խնդիրները նոր չեն»։
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է լինում, որ Վերին Լարսում ստուգում են, իսկ ծովային տարբերակով փոխադրման դեպքում՝ ոչ, Իլոյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, թե որն է պատճառը։ Անցակետում հաշվի են առնում ռիսկերը՝ ինչը ստուգել և ինչը՝ ոչ։ Ենթադրում եմ՝ այնտեղ ռիսկերը մեծ են։ Մեզ մոտ էլ են ստուգումներ իրականացնում, բայց ոչ այդքան խստացված»։