13/10/2023 21:00
Հանդիպել են Վահագն Խաչատուրյանն ու Սյունիքի մարզպետը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է․
«Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագանքների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։
Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար և նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը»: