13/10/2023 16:06
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարևոր է, որ Արդրբեջանը ևս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Յապ Ֆրեդերիքս
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավատարիմ մնալով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ժամանակավոր հավատարմատարն ի պատասխան արձագանքել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարեւոր է, որպեսզի Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետագա ճակատագրին առնչվող մի շարք հարցերի՝ առաջնահերթություն դիտարկելով անվտանգությունն ու իրավունքների անվերապահ իրացումը: Խոսվել է Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններից:
Յապ Ֆրեդերիքսն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ այն համարելով առաջնային եւ շատ կարեւոր քայլ: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին: