13/10/2023 17:48
«Մամ, ես եմ հերոսների նկարների մոխիրն ու Արցախի հողը թաքուն լցրել տոպրակի մեջ, որ բերենք Հայաստան». ինը երեխաների մոր պատմությունը
Արցախից դուրս գալիս պիտի դաժան որոշում կայացնեինք՝ այրել մեր տան պատերի հերոսների նկարները, որ հանկարծ թշնամին չպղծեր։ Ես հրաժարվեցի ինքս այրել, տղաներս որոշեցին այդ ծանր գործն անել։ Այրեցին գրքեր, հերոսների նկարներ և փոքրիկ տղայիս՝ Ռոբերտի զինվորական հագուստը, Aysor.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, ինը երեխաների մայր Արևիկ Գրիգորյանը։
«Դժոխային ճանապարհից հետո, երբ հասանք Հայաստան ու դասավորում էի Արցախից վերցրածս մի քանի տոպրակի իրերը, հանկարծ կապոցներից մեկից թափվեց մոխիր ու հող։ Ութ տարեկան աղջիկս ասաց, մամ, ես եմ պապայից թաքուն հերոսների նկարների մոխիրն ու Արցախի հողը լցրել տոպրակի մեջ, որ բերենք Հայաստան։
Մեծահասակներս մտավախություն ունեինք, որ ճանապարհին թշնամին կստուգի տոպրակները, անհանգստանալով երեխաների համար՝ հերոսների նկարներն ու մեզ համար կարևոր գրքեր վախեցանք մեզ հետ վերցնել, պարզվեց՝ զավակներս հաշտ չեն եղել այդ որոշմանն ու ամեն դեպքում ամենակարևորը վերցրել են՝ Արցախի հող ու մոխիր։ Այնպես են դասավորել տոպրակները, որ հողով ու մոխրով լցված տոպրակը լինի ներքևում. եթե անգամ թշնամին որոշեր ստուգել, չհասներ այդ մեկին։ Հիմա պատմում եմ ու ինքս հուզվում եմ երեխաներիս այդ քայլից»։
Արևիկ Գրիգորյանի բազմազավակ ընտանիքը հիմա Արագածոտնի մարզի գյուղերից մեկում է հաստատվել, երեխաներից յոթը դպրոց են հաճախում, Արևիկն ասում է՝ Ռոբերտը, որ առաջին դասարանում է սովորում, հեշտ հարմարվեց փոփոխությանը։ «Բոլորին պատմել է, որ իր անունը դրել ենք ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, դպրոցում բոլորին այդ փաստը հուզել ու ոգևորել է, առանձնահատուկ են վերաբերվում Ռոբերտին»։
Արցախում պատերազմի նախորդող օրը՝ սեպտեմբերի 18-ին Ռոբերտը լաց է եղել, խնդրել մայրիկին իրեն դպրոց չուղարկել։ «Երեխաս առաջին անգամ էր հրաժարվում դպրոց գնալուց, նախորդող օրերին կրակոցների ձայներ է լսել, ասաց՝ չեմ ուզում գնալ դպրոց, որ դպրոցում չմեռնեմ։
Այն, որ ընտանիքս առանց կորուստների հասավ Հայաստան, իհարկե ուրախացնում է, բայց Արցախի կորստին ոչ մեծահասակներս, ոչ երեխաներս չենք հաշտվում։ 44-օրյա պատերազմից հետո Քաշաթաղում կորցրինք մեր տունը, բայց Մարտունի՝ Ճարտար տեղափոխվելու հնարավորությունը սփոփում էր, փաստը, որ չնայած կորուստների՝ շարունակում ենք մեր հայրենիքում ապրել, երջանկացնում էր, մեծացնում պայքարի հանդեպ հավատը»։
Հիմա ընտանիքը հույս ունի տուն ունենալ Արագածոտնի մարզում, բայց Արևիկն ասում է՝ չեն կորցնելու Արցախ նորից վերադառնալու հավատը։
Զրույցի ավարտին հարցին, թե բազմազավակ ընտանիքն ինչի կարիք ունի, Արևի Գրիգորյանը պատասխանեց՝ խնդրում եմ՝ Երևանից գալուց Ռոբերտ Աբաջյանի գիրքը բերեք։