13/10/2023 15:02
«Կյանքը տիժերա, հողիդ կարոտը մինա թողում չի, թա հալալ ապրիս». 22 հոգանոց արցախցի ընտանիքը տեղավորվել է մեկ հարկի տակ
2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Հադրութից տեղահանված Սամվել Մուրադյանը երկու տղաների ու նրանց ընտանիքների հետ հաստատվել էր Արարատի մարզի Մասիս քաղաքում։ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանման ենթարկվեցին, և նրանց միացան Ստեփանակերտից կրկնակի տեղահանված աղջիկների զավակները, թոռներն ու ծոռները։
Aysor.am-ի հետ զրույցում Սամվել պապը պատմում է՝ 22 հոգանոց մեծ ընտանիքը մեկ տանիքի տակ ապաստանելով՝ փորձում է ապրել արցախյան կենցաղին համապատասխան, բայց ոչ միշտ է ստացվում. ընտանիքը սեղան է նստում հերթով։
«Կյանքը տիժերա. վըղեդ (հողիդ) կարոտը մինա թողում չի, թա հալալ ապրիս։ Հոգին, ապրած կյանքը, մեր խոխորցը հանգիստը (երեխաների գերեզմանները) լոխ շենումն ա մնացալ, մզնհետ բարբառն ընք պերալ, մինակ սրանա ետ խաղաղություն ինի», - ասում է նա։
Տան փոքրերը՝ Տիգրանը, Սուրենն ու Դավիթը պատերազմից հետո հայրենի գյուղից հեռու են ծնվել, իսկ Սամվելն ու Արսենը կարոտում են գյուղը, պատմում, թե ինչպես էին անտառ գնում, հատապտուղներ հավաքում, ընտանի կենդանիներին կերակրում, թաղի երեխաների հետ խաղում։
Նշենք, որ Արցախից ավելի քան 10 000 բռնի տեղահանվածներ այժմ Հայաստանի Արարատի մարզի Մասիս քաղաքում են, որտեղ շատ դեպքերում մի քանի ընտանիք միասին ապրում է մեկ տանը։ Կան ընտանիքներ, որոնք տեղակայվել են Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վթարային շենքում։