13/10/2023 14:37
Կենտրոնականի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդի
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։
Տեղեկություններն իրացնելով՝ հոկտեմբերի 9-ին իրավապահները Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 13 փաթեթ՝ ընդհանուր 30 գրամից ավելի քաշով, թղթե 1 փաթեթ՝ 2 գրամից ավելի քաշով, և ապակե կոլբա՝ 4,47 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը նշել է, որ դրանք ձեռք է բերել երկու օր առաջ տելեգրամյան ալիքներից մեկով և այդ օրը դրանցից 6-ը հասցրել է տեղադրել Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում:
Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: