13/10/2023 15:59
Ինչո՞ւ եք մեզ զրկում մեր հասանելիքից, ի՞նչ կարգավիճակում ենք մենք, ինչպե՞ս են օգտագործվելու արցախցիների համար նախատեսված դրամական միջոցները. Զինա Գասյան
Արցախի Հանրապետության Բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակից Զինա Գասյանն Aysor.am-ի հետ զրույցում ահազանգում է՝ Արցախի Հանրապետության պետական աշխատողների զգալի մասը դեռ չի ստացել աշխատավարձ։ Որոշվել է Արցախի պետական աշխատողների աշխատավարձերը վճարել մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ առանց ֆիզարձակուրդային նպաստի, առանց արձակուրդայինի, առանց եռամսյակային պարգևավճարների, երբ քաղաքացին իրոք աշխատել է և պետք է հասանելիքը ստանա։ Փաստորեն, Արցախի Հանրապետությունը լուծարում են ոչ թե 2024թ.-ի հունվարից, այլ 2023 թ.-ի հոկտեմբերի 1-ից։
«2023թ. սեպտեմբերի 22-ից գտնվում եմ ֆիզարձակուրդում, այսօր հիմնական աշխատավայրիցս՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի հաշվապահից տեղեկացա, որ ԱՀ ֆինանսների նախարարությունից հրահանգել են հաշվարկել միայն աշխատավարձ (իմ պարագայում՝ մինչեւ սեպտեմբերի 22-ը), իսկ ֆիզարձակուրդի նպաստը՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Առանց երկար մտածելու հրաժարվեցի 8 օրվա համար տրամադրվող ֆիզարձակուրդի նպաստից, այսինքն՝ ֆիզարձակուրդի համար տրամադրվող 140 օրվա փոխարեն 8 օրվա գումար՝ չնչին նպաստ»։
Զինա Գասյանն ընդգծում է՝ իրեն հասանելիք գումարն է պահանջում, ոչ թե աջակցություն։ «Այնքան բան եմ Արցախում կորցրել, հիմա ընդամենը պահանջում եմ իմ իրավունքի իրացում։ Մեզ հասանելիք գումարը ստանալը խիստ անհրաժեշտություն է։ Բլոկադայի պայմաններում գումար տնտեսել հնարավոր չէր, քանի որ սուղ պայմաններում աստղաբաշխական գներ էին, իսկ ՀՀ-ում բնակարանների վարձերը վճարելն արդեն մեծ խնդիր է՝ հատկապես, երբ աշխատանքի հարցում էլ միայն անորոշություն է»։
Զինա Գասյանն ԱՀ համապատասխան գերատեսչություններից, ՀՀ պատկան մարմիններից ակնկալում է ստանալ հուզող հարցերի պատասխանները։
«Ինչո՞ւ եք մեզ՝ հասարակ մահկանացուներիս, զրկում մեր հասանելիքից, ի՞նչ ուղղությամբ են օգտագործվելու արցախցիների համար նախատեսված դրամական միջոցները, ի՞նչ կարգավիճակում ենք մենք։ Եթե ՀՀ լիարժեք քաղաքացի չենք (ՀՀ-ի օրենսդրությունը մեզ վրա չի տարածվում), այդ դեպքում հանեք մեզ այս անորոշությունից, տվեք փախստականի կարգավիճակ եւ ինքներս կորոշենք մեր ճակատագիրը։
Առջեւում ուշ աշուն է եւ խիստ ձմեռ, իսկ մեզանից շատերը դեռ կացարանի խնդիրը չեն լուծել. ՀՀ բնակֆոնդը չի հերիքում, իսկ բնակարանների վարձերն էլ անվերահսկելի են»։
Զինա Գասյանը կարևոր է համարում, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր արցախցի պայքարի սեփական իրավունքների համար։