13/10/2023 09:34
«Հրապարակ». Ինչու ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իրեն առնչվող դատական նիստին չի ներկայացել, և դատարանը նիստը վարել է նրա բացակայությամբ։ Բաքոյանի դեմ հայց է ներկայացրել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, քանի որ Բաքոյանն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվում էր Ղազարյանի թեկնածությունը ՄԻՊ-ի պաշտոնում, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել։ Ղազարյանը դատական հայց է ներկայացրել զրպարտության և վիրավորանքի համար։
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ ընթացող նիստում դատարանն ապացուցման բեռի բաշխում է կատարել՝ Բաքոյանին պարտավորեցնելով, որ ապացուցի Էդգար Ղազարյանի թմրամոլ լինելը, ինչի մասին նա հայտարարել է ԱԺ նիստում։
Նույն այդ նիստում Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ում դեմ ևս Ղազարյանը դատական հայց է ներկայացրել: Բացի այդ, Ղազարյանը հաղորդում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազություն` ՔՊ-ականները սպառնացել էին ականջը կտրել: Նա վարչական դատարան էլ է դիմել` բողոքարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանի ընտրությունը»։