14/10/2023 18:17
20-ամյա Ասպրամը հղիության 40-րդ շաբաթում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ․ Հայաստանում ծնվել է նրա դուստրը՝ Լեյլան
Սա պատմություն է արցախցի ուժեղ կնոջ չհուսալքվելու, սիրելու, արարելու և կյանքի ամենածանր իավիճակում ժպտալու ուժ գտնելու մասին, մայրանալ պատրաստվող 20-ամյա Ասպրամ Աբրահամյանի պատմությունն է ներկայացրել «Շենգավիթ» ԲԿ-ն, որտեղ էլ լույս աշխարհ է եղել Ասպրամի դուստրը՝ Լեյլան։
«20-ամյա Ասպրամ Աբրահամյանը հղիության 40-րդ շաբաթականում ընտանիքի հետ գաղթի ճանապարհով անցել է շուրջ 36 ժամ:
Պատմում է` ճանապարհը դժվար էր, բայց հայրենակիցները հղի կանանց հանդեպ յուրահատուկ ջերմությամբ են մոտեցել` հաճախ ճանապարհ զիջելով, որ վայրկյան առաջ հասնեն Հայաստան:
Արտաքնապես փխրուն թվացող Ասպրամը հուզմունքը պահելով ժպտում էր, պատմում էր` փորձեցին փրկվել, բայց կյանքը թողեցին Արցախում: Ինքն իրեն չթողնելով հուզվել` վստահությամբ շեշտեց` իրենք կոտրվող տեսակ չեն` կրկին կստեղծեն ու կարարեն։
Շուրջ 9 ամիս շրջափակման մեջ ապրելով և ողջ հղիությունն անցկացնելով այդ նույն փուլում` Ասպրամն ամեն վայրկյան հավատացել է, որ դուստրը ծնվելու է ազատ ու ապահով Արցախում: Ու թեև չստացվեց, բայց 20-ամյա կինը վստահ է` դուստրն արմատներին ամուր կառչած է լինելու։
Փոքրիկ Լեյլան ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում` մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Միրզոյանի օգնությամբ: Փոքրիկը կշռում է 2900 գրամ, հասակը` 50 սմ։ Լեյլայի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Ռուզաննա Նավասարդյանը։
Բժշկի խոսքով` թեև Ասպրամը գտնվել է ծանր հոգեհուզական վիճակում, սակայն լիովին պատրաստ է եղել ծննդաբերությանը, ցայտնոտի մեջ ոչ մի վայրկյան չի ընկել ու արցախցուն հատուկ ուժով լույս աշխարհ է բերել նոր արցախցի:
Մայրն ու երեխան իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացին տուն` կյանքը նոր էջից սկսելու»,- նշված է «Շենգավիթ» ԲԿ-ի անդրադարձում: