14/10/2023 13:04
Նախագահը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության էր արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
ԱԺ-ում Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նշենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր դեռեւս 1999թ.-ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել այն։