14/10/2023 17:01
Իսրայելցիները բողոքի ցույց են կազմակերպել, պահանջում են Նեթանյահուի հրաժարականը
Իսրայելական քաղաքներում բողոքի ցույցեր են՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով։
Times of Israel-ի փոխանցմամբ՝ Թել-Ավիվում պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարները Նեթանյահուի հրաժարականի կոչերին զուգահեռ՝ պահանջում են նաև պարզել գերի ընկած կամ անհետ կորած իրենց հարազատների ճակատագրերը։ Հանրահավաքի մասնակիցները ձեռքներին պահում են զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարները՝ հայտարարելով, որ Նեթանյահուն է պատասխանատու այն բանի համար, որ Իսրայելը պատրաստ չէր ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակմանը և նրա մեղքով են իրենց հարազատների ճակատագրերը խորտակվել։
Նեթանյահուի հրաժարականը և նրան պատասխանատվության ենթարկելը, ըստ ցույցի մասնակիցների, պարտադիր պայման է։
Նշենք, որ տարբեր վերլուծական գնահատականների համաձայն՝ Իսրայելի հետախուզությունը նախապես որևէ տվյալի չի տիրապետել՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պլանավորվող հարձակման մասին։ Բացի այդ, մեծ խնդիրներ են առաջացել նաև իսրայելական զինուժի կողմից ՀԱՄԱՍ-ի գրոհին արագ արձագանքելու, ինչպես նաև զորքերի տեղափոխման կազմակերպչական աշխատանքների հետ կապված։