14/10/2023 17:20
«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»․ Չինաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը
Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է իսրայելապաղեստինյան հակամարտությունը և մտավախություն հայտնել, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։
«Պաղեստինի և Իսրայելի միջև բախումները գնալով սրվում են, սպառնալիք կա, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- Վան Իի խոսքերն է մեջբերել Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վան Ին ներկայացրել է նաև Չինաստանի դիրքորոշումը իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ․ «Հակամարտության կարգավորումը «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի հիման վրա պետք է լինի»։
Չինաստանի ԱԳ նախարարը կարևորել է նաև Պաղեստինի անկախ պետություն ստեղծելու և Իսրայելի հետ նրա խաղաղ գոյակցությունն ապահովելու անհրաժեշտությունը։