14/10/2023 10:03
«Փաստ». Դրամն ինչո՞ւ կտրուկ արժեզրկվեց ու նորից արժևորվեց
«Փաստ» թերթը գրում է. «Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ընդամենը տասը-տասնհինգ օրվա ընթացքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսում էին: «Նշում էինք, որ բարձր տնտեսական աճը և ազգային արժույթի գերարժևորումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական դրական ֆոնի արդյունքն է: Պատիկներով աճեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, էապես աճեցին արտահանումը և վերարտահանումը հատկապես դեպի Ռուսաստան՝ ապահովելով արժութային մուտքեր: Բացի դա, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև այստեղ տեղափոխեցին իրենց բիզնեսները, հատկապես ՏՏ ոլորտում և այլն: Մեծ պահանջարկը խթանեց տնտեսական բարձր աճ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:
Հավելում է՝ փորձագետները մշտապես շեշտել են, որ այս աճը և դրական ֆոնը չի կապիտալացվում ու չի ստանում երկարաժամկետ դրական ազդեցության հնարավորություն: «Դա շատ վտանգավոր էր, որովհետև ինչ-որ պահի այդ գործոնները թուլանալու էին, և ունենալու էինք լուրջ տնտեսական և դրանից բխող սոցիալական հետևանքներ: Ըստ էության, հիմա սա է տեղի ունենում: Այդ գործոնները որոշակիորեն թուլացել են, խոսքը ՌԴ քաղաքացիների այցելությունների, դրամական փոխանցումների, արտահանման առաջանցիկ տեմպի մասին է: Բնական է, որ արժութային շուկան շատ արագ դրան արձագանքում է: Արժութային շուկայում այդ անհանգստությունները և ազգային արժույթի արժեզրկման ֆոնը գալիս է այդ հիմնական գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:
Փաստում է՝ որքան էլ Կենտրոնական բանկը փորձի իր կարճաժամկետ գործիքներով միջամտել, արժութային շուկայի կայունացման իմաստով, միևնույնն է, շուկան իրենն անելու է: «Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները: Նոր իրողություններով պայմանավորված՝ արժութային շուկան նոր հավասարակշռության պետք է հասնի, և դա լինելու է ազգային արժույթի արժեզրկման ձևով: Թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում կտևի այդ անկայունությունը մինչև նոր հավասարակշռություն, ցույց կտան ժամանակը և այդ գործոնների հետագա դրսևորման դինամիկան»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը»։